Խաղաղապահների հարցը վարչապետի հետ հանդիպմանը չի քննարկվել՝ կառավարությունում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների և վարչապետի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Հանդիպմանը ՀՀ վարչապետը տեղեկացրեց իրավիճակի մասին, տվեց իր գնահատականները այն ամենի վերաբերյալ, ինչը կատարվում է, տարբեր կողմերի գործողությունների մասին։ Եվ շնորհակալություն հայտնեց Մինսկի խմբի համանախագահներին, մասնավորապես, ՌԴ նախագահին այն ջանքերի համար, որոնք ձեռնարկվել են՝ կրակի դադարեցման նպատակով»,- ասաց դեսպանը։
Հարցին՝ հրադադարի պայմանավորվածությունը չի պահպանվում Ադրբեջանի կողմից, Սերգեյ Կոպիրկին նշեց․ «Պետք է հետամուտ լինել, որպեսզի կատարվի այնպես, ինչպես կողմերը պայմանավորվել էին Մոսկվայում։ Ռուսական կողմից կատարվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի այդ ռեժիմն իսկապես գործի։ Մենք շփումների մեջ ենք բոլոր կողմերի հետ»։
Հարցին, թե Արցախի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումն ինչպիսին է, դեսպանը պատասխանեց․ «Ռուսաստանի դիրքորոշումը այնպիսին է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի մարդիկ չզոհվեն։ Անհրաժեշտ է վերադառնալ բանակցային սեղան և վարել բովանդակային բանակցություններ այն ֆորմատով, որն այսօր գործում է՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ»։